«ՍԴ-ն ինչ էլ որոշի, պետք է հարգենք»
Թե ինչպիսին կլինի ՍԴ-ի մարտի 28-ի որոշումը՝ այս պահին ոչ ոք չի կարող ասել. համոզված է ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը։ «Ինչպիսին էլ այն լինի, բոլորս պետք է հարգանքով վերաբերվենք որոշմանը։ Բնականաբար, եթե որոշումը լինի այնպիսին, որ իրականում այն հոդվածները պարտադիրի մասով չճանաչվեն հակասահմանադրական, ապա ՍԴ-ի որոշումը վերջնական է, եւ չկա այլ ատյան, որտեղ հնարավոր կլինի այդ հարցը արծարծել։ Եթե ճանաչի հակասահմանադրական, դա մենք հիմք կընդունենք, իսկ եթե ոչ՝ ապա պետք է հարգանքով ընդունենք ՍԴ-ի որոշումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ պատգամավորը։ Հիշեցնենք, որ երկու ամսով պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը կասեցվել է։ Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ մասնավորապես Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին, պարոն Դավթյանը նշեց, որ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ իրողությունները եւ իրադարձությունները տարբեր են, պետությունները տարբեր պատմություններ ունեն, եւ չի կարելի այն պրոյեկտել Հայաստանի հետ։ Պատգամավորը հիշեցնում է, որ այս իրավիճակում թիվ մեկ տուժողը Ուկրաինան է, որովհետեւ ոչ միայն նյութական վնասներ են հասցվել Ուկրաինային, այլ նաեւ երկիրը բաժանված է երկու մասի։ Իսկ բաժանարար գծերը, միշտ էլ դրական որեւէ հանգրվանի չեն բերի, եւ որքան շուտ լինի միասնությունը, այնքան ավելի լավ։ Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավորը մեկ անգամ եւս անդրադարձավ սահմանում տիրող լարված իրավիճակին՝ միաժամանակ հորդորելով, որ բանակցային գործընթացի ձեւաչափում պետք է փոփոխություն տեղի ունենա եւ բանակցային սեղանին պետք է նստի նաեւ ԼՂՀ-ն։