Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզումներ մայրաքաղաքի կենտրոնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
6e8920057d4776f65627f2c7af914181

Սայաթ Նովա 10 շենքի բնակիչները այսօր կրկին փողոցում էին, այս անգամ՝ բակի շինհրապարակում տեղի ունեցած փլուզման մասին բարձրաձայնելու համար։ Բնակիչները որեւէ երաշխիք չունեն, որ ընթացող շինարարությունն իրենց շենքն էլ գետնին կհավասարեցնի։ «Այս ճանապարհի թեքվածությունն ու ճաքերը նոր-նոր են, սա արդեն որերորդ փլուզումնա, մեր աչքի առաջ մեր շենքը փլուզվումա»,- ասում է Ռաֆայել Հովսեփյանը։ «Հիմա պահանջում ենք սեյսմոլոգ գա, իր լիցենզիայով գրավոր գրի, որ մեզ վտանգ չի սպառնում։ Ես նրանց զգուշացրել էի՝ սրա տակը լցոններա, գրունտ չի, սա շինհրապարակ չի»,- անհանգստացած է Անաիդա Հովսեփյանը։ Շինարարության պատասխանատուն վստահեցնում է՝ իրենք տեղյակ էին խնդրին, զգույշ էին աշխատում, սակայն բնության դեմ անզոր գտնվեցին։ «Լավ ցուրտ եղավ, հետո տաք արեց, ջրերի հետ միասին հոսքը սկսեց գալ քիչ-քիչ»,- բացատրում է «Լարկո գրուպ» ՍՊԸ շինարարության ղեկավար Կարեն Աբգարյանը։ Ամեն փլուզումից հետո կառուցապատողները շինհրապարակի ցանկապատը առաջ են բերում՝ դժգոհում են բնակիչները։ Նրանք մտավախություն ունեն, որ շուտով ամբողջ բակն են զավթելու։ Այսօր արդեն բակում նույնիսկ երկու մեքենան են խցանում առաջացնում: Կառուցապատողների որեւէ խոստում բնակիչներին հավատ չի ներշնչում։ Նրանք արդեն կասկած չունեն, որ մոտ ապագայում նոր փլուզումներ կլինեն։ Սակայն շինարարության ղեկավարը դա բացառում է. «Դա բացառված երեւույթ է, որովհետեւ մենք հենց այսօր աշխատանքներ ենք կատարելու, որ ամուր լիցք անենք»։ Բնակիչները չեն վիճում, պարզապես ցույց են տալիս իրենց խոսքերն ապացուցող անհերքելի փաստեր։ Դիտեք նաեւ տեսանյութը