Ռուսների հետ՝ դեպի փառավոր ապագա
90 հազար դրամ թոշակ ստացող հայ վետերանները մեծ հույսեր են կապում Մաքսային միության հետ։ Մեծ հայրենականի Վետերանների միավորումն այսօր նշում էր Լենինգրադի ազատագրման 70-ամյակը։ Փոխգնդապետ Զավեն Հարությունյանն այսպես է պատկերացնում Մաքսային միությանն անդամակցելը. «Մենք առանց որեւիցե մաքսի ՌԴ-ից կարող ենք ապրանքներ ձեռք բերել, մեքենաներ ձեռք բերել: Դա կլինի առաջին քայլերից մեկը` մոտեցում դեպի ռուս մեծ ժողովուրդը»: Վետերանների միավորման անդամ Գեւորգ Անտոնյանը կարծում է, որ «այստեղ 50/50 տարբերակն է, քանի որ մենք Սովետի ծնունդներից ենք, մենք ապրել ենք այդ տարիներին ու սովորել ենք այդ գաղափարները, կարող է մեր տարիքն այնպիսին է, որ չենք պատկերացնում` ինչ կարող է լինել»: Վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը որեւէ կերպ չի կարողանում ընկալել նրանց, ովքեր Հայաստանի ապագան կապում են Եվրամիության հետ. «Նրանք չարաչար սխալվում են` հայ ժողովուրդը միշտ էլ եղել է, կա ու կմնա ռուս ժողովրդի բարեկամը, եւ ռուս ժողովուրդն էլ մեր մեջքին կանգնած՝ եղբայրաբար մենք ընթանում ենք դեպի փառավոր ապագա»: