Հայոց ցեղասպանության ճանաչումը վտանգավոր է Իսրայելի համար (տեսանյութ)
Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա վտանգավոր է համարում իր անվտանգության համար: Այս մասին այսօր Հոլոքոստի օրվան նվիրված ծաղկեպսակների տեղադրման արարողության ժամանակ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հրեաների միության նախագահ Ռիմա Վարժապետյանը: Նրա կարծիքով` ճանաչման դեպքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Իսրայելի վրա ճնշումներ կլինեն: Սակայն նա չի բացառում, որ այդ օրը գալու է, և Իսրայելը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Տիկին Վարժապետյանը հերքեց այն կարծիքը, թե Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որովհետև ուզում է, որ միայն Հոլոքոստը ճանաչված լինի. «Մենք խոսում ենք Հայաստանի և Իսրայելի հրեաների հետ: Այդպիսի բան չկա: Նրանք բոլորը ցավակցում են և ընդունում են Հայոց ցեղասպանությունը»: Ի տարբերություն մեզ, որ Ցեղասպանությունից հետո ոչ մի փոխհատուցում չստացանք, Հոլոքոստից հետո ստացած փոխհատուցումից հրեաները գոհ են: «Այդ գործընթացը դեռ շարունակվում է. կան բազմաթիվ մարդիկ, որ մինչև հիմա թոշակ են ստանում: Տարածքների մասին խոսք չկա»,- ասում է տիկին Վարժապետյանը: Այսօր Հայաստանում Ռիմա Վարժապետյանի մոտավոր հաշվարկներով ապրում է 800-900 հրեա: Նրանք չեն դժգոհում ազգային խտրականությունից, բայց ունեն որոշ խնդիրներ. «Դա նույն խնդիրն է, որը Հայաստանի ժողովուրդը ունի: Մենք ուզում ենք ավելի լավ ապրել, հույս ունենք, որ լավ կլինի»: