«ՀՀ և ՌԴ միջեւ չկան անլուծելի խնդիրներ» (տեսանյութ)
ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, անդրադառնալով ՌԴ վիզային ռեժիմի փոփոխությանը, ասաց, որ այդ օրենքն ընդունվել է, որպեսզի ամբողջ միգրացիան կարգավորվի ՌԴ-ում։ «Մեր երկրում այնքան մեծ թվով անօրինական միգրանտներ են կուտակվել տարբեր երկրներից, ես միայն նկատի չունեմ ՀՀ-ին, իհարկե, ՀՀ-ից եւս այնտեղ կան անօրինական միգրանտներ, հիմնականում նախկին Խորհրդային միությունից, եւ որպեսզի այդ ամենը կարգավորել, պետք է որոշակի համակարգ ներմուծել»,- բացատրում է դեսպանը՝ հավելելով, որ դա ոչ թե կխոչընդոտի, այլ կօգնի հայերին` աշխատելու այնտեղ: Սոցիալական խնդիրների մասին խոսելով՝ Իվան Վոլինկինը ասում է. «Սոցիալական խնդիրներ ամենուր ու ամեն երկրում կա: ՌԴ-ում վետերաններին առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվում: Ցավոք, նրանք շատ քիչ են մնացել, սակայն եւ պետությունը, եւ ամբողջ ժողովուրդը պարտական են նրանց, որ մենք այսօր ապրում ենք նման պայմաններում: Եվ այդ ամենին հետեւում է հենց նախագահը, որպեսզի յուրաքանչյուր վետերանի լինի լիարժեք ուշադրություն»: ՌԴ դեսպանը կարծում է, որ ՀՀ-ն առաջ է գնում շատ արագ քայլերով. «Նույնիսկ շատերը չէին սպասում, որ ՀՀ-ն կարող է այդպես արագ առաջ շարժվել դեպի Մաքսային միություն: Ես այդ հարցում որեւէ խնդիր չեմ տեսնում: Իսկ ժամկետներ չենք կարող նշել, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես գործընթացները կշարունակվեն: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել»: Հիշեցնենք՝ ինչ է պարտադրում վիզային ռեժիմը։ Առանց վիզայի ՌԴ մուտք գործած մարդիկ կարող են մնալ նշված տարածքում միայն երեք ամիս: Երեք ամսից ավելի մնալու դեպքում նրանց կարգելվի երեք տարի մուտք գործել ՌԴ: Նշենք, որ սա վերաբերում է զբոսաշրջիկներին: Երեք ամսից ավելի կարող են մնալ այն մարդիկ, որոնք մեկնել են ՌԴ կրթություն ստանալու կամ աշխատելու նպատակով: Այդ դեպքում երկու կողմերի մեջ պարտադիր կերպով պետք է կնքվի պայմանագիր, որի համաձայն կստանան իրավունք մնալ ՌԴ- ում 90 օրից ավելի: Նրանց համար առավելագույն ժամկետը կկազմի մեկ տարի: Երկար մնալու համար պետք է պայմանագիրը վերականգնել, որի համար գործառուն պետք է վերադառնա հայրենիք: Օրենքը գործում է նաև այն մարդկանց համար, ովքեր մուտք են գործել ՌԴ տարածք մինչև նշված օրենքը ուժի մեջ մտնելը: Վերոհիշյալ օրենքը գործում է նաև մաքսային միության անդամների համար: