«Հայերին ծաղրում ու սպանում էին» (տեսանյութ)
24 տարի առաջ Ադրբեջանում տեղի ունեցած ջարդերն ընդմիշտ դաջվեցին տեղի հայ բնակչության կյանքում: Փլուզվեց մոտ 300 հայ ընտանիք, ադրբեջանահայերը բռնեցին գաղթի ճամփան: Մինչ օրս որեւէ ադրբեջանցի պատասխանատվություն չի կրել հայերին դաժանաբար սպանելու, թալանելու եւ տեղահան անելու համար. «Նրանք հայերին ծաղրում էին, այնքան, որ արդեն ջանից գնում էին, մեռնում, հետո տանում էին շպրտում»,- հիշում է ադրբեջանահայ փախստական Սոֆյա Սաֆարյանը: Բաքվի ջարդերից փրկված հայ փախստականները կսկիծով են վերհիշում հունվարի 12-19-ի դեպքերը: Նրանց մի մասը ապաստան գտավ հայրենիքում, սակայն շատերի սպասելիքները այստեղ էլ չարդարաձան: Այդ մարդկանց մի մասը մինչ օրս բնակարանի եւ աշխատանքի խնդիր ունի: Լիդա Ամիրյանցը պարբերաբար նայում է Բաքվի իր տան լուսանկարները: Այն առաջինն էր, որ քանդվեց կոտորածների ընթացքում: 1988թ.-ին ընտանիքով եկան Հայաստան և տեղավորվեցին Աղվերանի հանրակացարաններից մեկում: Տիկին Լիդայի ընտանիքը այնուհետև տեղափոխվեց Նոր Նորքի հատուկ կացարան: Կարճ ժամանակ հետո որդին հեռացավ Ռուսաստան՝ աշխատանք գտնելու ակնկալիքով. « Ինչո՞ւ են այսպես մեզ հետ վարվում»: Ադրբեջանահայ Սոֆյա Սաֆարյանը Բաքվում ռուսաց լեզվի ուսուցչուհի էր: Այսօր նա ապրում է Նոր Նորքի հանրակացարանում, իշխանություններին, որոնք պարբերաբար ապահով Հայաստանի մասին խոստումներ են տալիս, առաջարկում է պաստառներից եւ բանավոր խոսքից անցնել գործի՝ ապահովել իր հիմնարար իրավունքները։ 80-ամյա միայնակ կինն ապրում է այս փոքրիկ սենյակում՝ տարրական կոմունալ պայմաններից զուրկ: Դառը անցյալի հուշերը չի կարողանում մոռանալ նաեւ ոստիկանության մայոր, կապի մասնագետ Սիրանույշ Սարգսյանը: Նա ծնվել և մեծացել է Բաքվում: Երբեւէ չէր պատկերացնի, որ մեկ օրում իր ամենամտերիմ ադրբեջանցի հարեւանների հետ կդառնա թշնամի: Ջարդերի ժամանակ Ադրբեջանցի մարդասպանները իրեն էլ են այցելել, վախից սկսել է ադրբեջաներեն խոսել. կարծել են ադրբեջանցի է: Իր կյանքը փրկել է մեկ այլ ադրբեջանցի հարեւան: 90-ամյա կինը 20 տարի է, ինչ ապրում է հայրենիքում: Ասում է՝ այս ընթացքում օգնություն է ստացել միայն գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանից՝ Կոմանդոսից: Ադրբեջանահայերը դեռ հույս ունեն, որ հայրենի իշխանությունները պայմաններ կստեղծեն, որպեսզի վերջապես կարողանան իրենց զգալ ՀՀ լիարժեք քաղաքացի: