Հանրահավաքը՝ «Ա1+»-ի ուղիղ եթերում
«Դեմ! եմ» նախաձեռնությունը կոչ է անում այսօրվա հավաքին լինել աչալուրջ և չտրվել սադրանքների։ Այսօր, ժամը 14-ին «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության Հրապարակում հավաք-երթ է անցկացնելու: Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ – ը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ: Ըստ նախաձեռնության հաղորդագրության՝ հավաք-երթի նպատակներն են. 1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին, 2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը, 3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը: Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ նախնական երթուղով. Ազատության Հրապարակ-Հյուսիսային Պողոտա-Աբովյան Փողոց-Ամիրյան Փողոց-Մաշտոցի Պողոտա-Ազատության Հրապարակ: Հետեւեք հանրահավաքին եւ երթին «Ա1+»-ի ուղիղ եթերում։