Քաղաքացիներն են մաքրում քաղաքը (տեսանյութ)
Երևանում տեղացած առատ ձյունից հետո մայրաքաղաքում մաքրված են միայն կենտրոնական փողոցներն ու մայթերը: Մյուսների վիճակը քաղաքացիները բնորոշեցին որպես անմխիթար: Չնայած այն հանգամանքին, որ մայրաքաղաքում դեռևս կան չմաքրված մայթեր, մաքրման աշխատանքներ քաղաքապետարանի կողմից չեն տարվում, սակայն քաղաքապետարանը շտապել է հայտարարությամբ հանդես գալ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերն սկսվել և ներկայում էլ շարունակվում են գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաև մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Մայրաքաղաքում կատարած շրջայցի ընթացքում պարզ դարձավ, որ մաքրման աշխատանքներն իրենց վրա են վերցրել բուհերի, զվարճանքների և վաճառքի կենտրոնների և մյուս հաստատությունների աշխատակիցները: Մաքրում են, ինչով որ հնարավոր է, անգամ հատակի փայտով: Երիտասարդականի գետնանցումում շինարարներն էին մաքրում աստիճաններն ու մայթը: Իսկ վարորդները նշում են, որ աշխատանքի գալիս խցանումներ են եղել. «Ընդհանուր առմամբ մաքրում են փողոցները, այսօր կարող է մի քիչ լավ չի ստացվել: Աշխատանքի դանդաղ էինք գալիս, հավանաբար որոշ մարդկանց անվադողերն այն չի, զգուշավորությամբ էին քշում»,- ասաց նրանցից մեկը: Մանրամասները` տեսանյութում: