Վարչական պատասխանատվություն՝ տնտեսվարողներին
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խիստ հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգի պահպանման նկատմամբ: Նշենք, որ Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշման համաձայն յուրաքանչյուր տնտեսվարող տարվա բոլոր եղանակներին պարտավոր է մշտապես մաքուր, բարեկարգ և խնամված պահել իր օբյեկտի հարակից տարածքները: Քաղաքապետարանի կողմից տնտեսվարողներին տրամադրված հարակից տարածքի սահմանների վերաբերյալ սխեմաների համաձայն ձմռան ամիսներին պարտադիր բարեկարգման կարգը սահմանում է, որ տնտեսվարողները պետք է իրականացնեն նաև տեղացած ձյան ամենօրյա մաքրում, տեղումների ընդհատման ընթացքում էլ մայթերի ասֆալտբետոնե ծածկերի և (կամ) սալիկապատված հատվածների ձյան ու սառույցի կուտակումներից ամբողջությամբ մաքրում: Հիշեցնենք, որ պարտավորությունները չկատարող կամ դրանցում թերացող տնտեսվարողները օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության: Թերությունները չվերացնելու դեպքում պատասխանատուներն իրավասու են կրկին արձանագրություն կազմելու: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն