Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»_Ը ԴԵՌ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից

Վերջին շրջանում տարաբնույթ լուրեր են տարածվում այն մասին, թե Հայաստանում կարող է ստեղծվել նոր` հստակ արեւմտամետ դաշինք: Հատկապես իրարամերժ են ստեղծվելիք դաշինքում ՀԺԿ նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ մասնակցության մասին տեղեկությունները: Պարոն Դեմիրճյանին խնդրեցինք որոշ մեկնաբանություններ անել:

-Դուք կպարզաբանե՞ք, վերջապես, ստեղծվո՞ւմ է այդ դաշինքը` Րաֆֆի Հովհաննիսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արամ Սարգսյան, Ստեփան Դեմիրճյան ֆորմատով, թե՞ ոչ:

-ՀԺԿ-ն պարզաբանումներ տվել է. որեւէ ֆորմատի փոփոխության հարց մեր օրակարգում չկա: Պատրաստ ենք համագործակցել տարբեր ուժերի հետ, տարբեր հարցերի շուրջ: Մասնավորապես, իհարկե, օրինական իշխանություն հաստատելու գործում: Կարող են լինել տարբեր հանդիպումներ, քննարկումներ, բայց մեր տեսակետը սա է. որեւէ դաշինք ստեղծելու հարց մեր օրակարգում չկա: Մեր հրապարակային եւ ոչ հրապարակային արտահայտած տեսակետների միջեւ տարբերություններ չկան: Եվ առհասարակ, մենք գտնում ենք, որ դաշինքները ստեղծվում են ընտրությունների ժամանակ:

-Կարելի՞ է հասկանալ, որ դուք պատրաստվում եք հերթական ընտրություններին, եթե այսօր դաշինքների ստեղծումը նպատակահարմար չեք համարում:

-Մենք երբեւիցե չենք ասել, թե պատրաստվում ենք հերթական ընտրությունների:

-Պարոն Դեմիրճյան, «Արդարություն» դաշինքից տարբեր գործիչներ տարբեր ուժերի հետ համագործակցություն տարբեր կոմբինացիաներ են ստեղծել. հնարավոր համարո՞ւմ եք, որ «Արդարության» կազմում մնալով` ձեր գործընկերները այլ դաշինքների մեջ մտնեն:

-Դաշինքի կազմում լինելը չի կաշկանդում առանձին կուսակցություններին համագործակցել դաշինքից դուրս գտնվող ուժերի հետ: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ դաշինքի անդամ կուսակցությունները պետք է գործեն դաշինքում ընդունված սկզբունքների համաձայն: Բնականաբար, երկու դաշինքում միաժամանակ լինել հնարավոր չէ. դա պարզապես անհեթեթ է:

Պետք է ասեմ, որ դաշինքում առողջ, գործնական մթնոլորտ է: «Արդարություն» դաշինքը գործում է, գործելու է, անելիքներ ունի եւ հասնելու է իր առջեւ դրված խնդիրների լուծմանը:

-Այսօր նաեւ շատ է խոսվում Արեւմուտքի աջակցությամբ իշխանափոխության հասնելու գաղափարին: Դուք ինչպե՞ս եք գնահատում քաղաքական գործիչների դեպի արեւմուտք մի տեսակ արհեստական, ինքնանպատակ ձգտումը:

-Չանտեսելով արտաքին գործոնը` մենք գտնում ենք, որ ժողովուրդը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը:

-Իսկ փոխվե՞լ է ձեր արտաքին քաղաքական կողմնորոշումը:

-Այն մնում է նույնը: Մենք պետք է ձգտենք բարիդրացիական հարաբերությունների նմեր հարեւանների հետ, մենք հանդես ենք գալիս եվրաինտեգրման օգտին, կարեւորում ենք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Ես այստեղ հակասություն չեմ տեսնում: Հայաստանը պետք է վարի հավասարակշռված արժանապատիվ արտաքին քաղաքականություն: Իսկ իշխանության հարցը երկրի ներսում պետք է լուծի ժողովուրդը, դրան ենք մենք ձգտում եւ հասնելու ենք:

Զրուցեց Դիանա Մարկոսյանը