Եվրո-2016-ի մրցակարգը հաստատվել է
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն այսօր Բիլբաոյում կայացած նիտում հաստատել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության մրցակարգը:
Մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիան մեխանիկորեն իրավունք է ստացել մասնակցելու եզրափակիչ փուլում: Աշխարհամասի մնացած 53 երկրները ընտրական փուլում կպայքարեն 23 ուղեգրերի համար:
Թիմերը կբաժանվեն 9 ընտրական խմբերի: Դրանցում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաեւ երրորդը հորիզոնականում գտնվող լավագույն ընտրանին միանգամից Եվրո-2016-ի ուղեգիր կնվաճեն: Խմբերում երրորդ տեղերը գրաված մնացած 8 թիմերը անցումային խաղերում կվիճարկեն մնացած 4 ուղեգրերը:
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն նաեւ հաստատել է «Ֆուտբոլային շաբաթ» ծրագիրը, ըստ որի ընտրական խաղերը տեղի կունենան շաբաթվա բոլոր օրերին, բացի չորեքշաբթիից: Նույն հավաքականը իր խաղերը կարող է անցկացնել հինգշաբթի կամ կիրակի, ուրբաթ կամ երկուշաբթի, շաբաթ կամ երեքշաբթի:
Նշենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2014 թվականի փետրվարին: