Յուրի Վարդանյանի հրամանով
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ հանդես է եկել հայկական
մարզաշխարհի «Տարվա լավագույն մարզիկների տասնյակի» ընտրության աշխատանքները լրատվամիջոցների հետ կանոնակարգելու նախաձեռնությամբ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, նպատակը տարվա լավագույն մարզիկների
տասնյակի ընտրության հարցում անաչառության եւ հնարավորինս մեծ թվով մարզական լրագրողների
մասնակցության ապահովումն է:
Մարզիկների ընտրությունն անցկացնելու համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի
Վարդանյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Մասնագետների կողմից մշակվել է մարզական
արդյունքների գնահատման չափորոշիչներ եւ տասնյակը որոշելու կարգ, ինչը հաստատվել է նախարարի կողմից:
Մրցույթի անցկացումը կազմակերպում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝
աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների միջոցով: Նախարարության հաստատած համապատասխան կարգի համաձայն «Տարվա լավագույն մարզիկների տասնյակ» մրցույթում թեկնածուների առաջադրման իրավունքը տրվել է Ազգային ֆեդերացիաներին: Հաստատված կարգի համաձայն Ֆեդերացիաները արդեն նախարարությանն են ներկայացրել տարվա ընթացքում մարզական արդյունքներով առավել աչքի ընկած իրենց մարզաձեւերի 5 մարզիկի թեկնածություն:
2013 թ լավագույն մարզիկների տասնյակը որոշելու իրավունք ունեն միայն այն զանգվածային լրատվամիջոցները(հեռուստա-ռադիոընկերություններ, թերթեր (էլեկտրոնային), լրատվական գործակալությունները, որոնք ունեն մարզական բաժին եւ պարբերաբար ու բարեխղճորեն լուսաբանում են Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի եւ մարզիկների մասնակցությամբ կայացած միջոցառումները, Հայաստանի Հանրապետության մարզական ֆեդերացիաների գործունեությունը: