Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանց համար գաղտնի ապաստարան ունենք

Հասարակություն
880a1d9d6602154a993755dfe6c0b9d4

Այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Մեդիա կենտրոն»-ում քննարկվեց «Կանանց իրավունքների իրադրությունը Հայաստանում. 2013-ի ձեռքբերումներն ու խնդիրները» թեման։

«Կանանց իրավունքների կենտրոնը» զբաղվում է ընտանեկան բռնության խնդրով արդեն 16 տարի: Տարեցտարի զանգերի և այցելությունների թիվը կտրուկ աճում է. ըստ ՀԿ նախագահ Սուսաննա Վարդանյանի՝ ոչ թե ընտանեկան բռնության թիվն է աճում, այլ կանայք ավելի իրազեկ են դառնում այդպիսի ծառայությունների մասին և սովորում են իրենց պաշտպանելու համար դիմել համապատասխան կառույցներին։

Հասմիկի ամուսինը բախտագուշակ Վարսիկի տղան է: Հասմիկը ապրում է Գեղարքունիքի Գանձակ գյուղում: Բողոքների արդյունքում գործ հարուցվեց միայն ծեծի հոդվածով: Քրգործի ընթացքում էլ ամուսինը շարունակում էր սպառնալ, հալածել Հասմիկին։

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանի խոսքով՝ իրենց բողոքների շնորհիվ գործը վերաորակվեց որպես խոշտանգում: Գործն ուղարկվել է դատարան, բայց Հասմիկի ամուսինը դեռ ազատության մեջ է: Նոյեմբերի 28-ին Սարգիսը երեխային առևանգեց, Գավառ տարավ և բժիշկը, առանց որևէ հիմքի, երեխային պառկեցրեց հիվանդանոց։
«Սարգիսի լծակները և գումարը թույլ են տալիս, որ իրենք յուրաքանչյուր ոլորտում իրենց դրսևորեն: Ինքը ստացել է իրավաբանի կրթություն, բայց չի աշխատել որպես իրավաբան: Ոչ թե նրա կրթությունը, այլ փողն ու մեծ լծակներն են թույլ տալիս ազդել գործի վրա»,- պատմում է ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանը։
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Անուշ Խաչատրյանն ասում է, որ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումն իրենց գործունեության գերակա նպատակն է: Օրենքի ընդունումը ժամանակին առկախվել էր Արդարադատության նախարարության կողմից՝ Սահմանադրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ: Այժմ իրավաբանների խումբը աշխատում է օրենքի փոփոխության վրա։
«Ընտանեկան բռնության մասին» օրենքը նախատեսում է պետության կողմից ապաստարանների բացում գոնե ամեն մարզում մի հատ:

Հիմա ապաստարանը մեկն է և շատ ծանրաբեռնված է գործում: Ապաստարանի տեղը գաղտնի է: Ամենաթույլ կողմն այն է, որ չկա ընտանեկան բռնության մասին օրենք, որը հնարավորություն կտար կնոջը տեղափոխել ապաստարան, երեխայի դպրոցը փոխել։
Պարզվում է՝ Համաշխարհային վիճակագրության մեջ 96-97% դեպքերում բռնության ենթարկվում են կանայք, 3-4% դեպքերում՝ տղամարդիկ: Ընդ որում, այդ 3-4% դեպքերը հետադարձ բռնության դեպքեր են, այսինքն՝ տղամարդը այնքան է բռնության ենթարկում կնոջը, որ կինը պատասխանում է։