Հայաստան - Չինաստան` 1,5:2,5:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը առաջին պարտությունը կրեց Թուրքիայում անցկացվող աշխարհի թիմային առաջնությունում:
4-րդ տուրում մեր ընտրանին ուժերը չափեց Չինաստանի ազգային թիմի հետ: Լեւոն Արոնյանը հերթական անգամ բարձր կարգ ցույց տվեց եւ գեղեցիկ ոճով հաղթեց Ժաո Լիին: Որոշ ժամանակ անց Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեց Յան Յուի հետ: Ավաղ, մեր թիմի 2-րդ եւ 3-րդ համարները` Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը, անհաջող հանդես եկան եւ զիջեցին իրենց մրցակիցներին:
Հայաստանի հավաքականը չնայած պարտվեց 1,5:2,5 հաշվով, սակայն պահպանեց 2-րդ տեղը, քանի որ ետեւից ընթացող Ադրբեջանն ու Գերմանիան նույնպես անհաջողության մատնվեցին: Աղյուսակը շարունակում է գլխավորել Ուկրաինան, որն այսօր 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:
Վաղը նախատեսված 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Ադրբեջանի հետ, որը Եվրոպայի առաջնության համեմատ թույլ կազմով է հանդես գալիս: