Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդբոլը պահպանում են մանուկների համար

Սպորտ
956585e8637d851753e3abab166c06ce

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի 4-րդ միջազգային մրցաշարը կանցկացվի երիտասարդական հավաքականների մակարդակով:

«Քանի որ 2014 թվականի հունվարին մեկնարկելու է Եվրոպայի հանդբոլի պատանեկան առաջնության ընտրական փուլը, Ռուսաստանի եւ Վրաստանի հանդբոլի ֆեդերացիաների խնդրանքով այս տարվա մրցաշարը կանցկացնենք երիտասարդական հավաքականների մասնակցությամբ, որպեսզի այն նախապատրաստական փուլ դառնա թիմերի համար» - այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

«ՀՀ վարչապետի գավաթ» հանդբոլի 4-րդ միջազգային մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 28-30-ին, Երեւանի «Դինամո» մարզադահլիճում: Գավաթի համար պայքար կմղեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի մինչեւ 18 տարեկան հանդբոլիստների թիմերը:

Սարգիս Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանի պատանեկան հավաքականը այս մրցաշարից հետո հավաք կանցկացնի Երեւանում, ապա կմասնակցի Վրաստանում կազմակերպվող միջազգային մրցաշարին: 2014 թվականի հունվարին մեր թիմը կմեկնի Ռումինիա, որտեղ տեղի կունենա Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցումներից մեկը: Հաջորդ փուլ մտնելու համար Հայաստանը կմրցի Ռումինիայի եւ Թուրքիայի այդ տարիքային ընտրանիների հետ:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն անդրադարձավ նաեւ մարզաձեւի հայաստանյան խնդիրներին: Նա ասաց, որ պետության կողմից հատկացվող 18 մլն դրամ գումարը բավականացնում է հանդբոլը մանկապատանեկան մակարդակով պահպանելու համար: Հանրապետությունում չկան պրոֆեսիոնալ ակումբներ, միջազգային չափանիշներին համապատասխանող խաղադաշտեր, բարձրակարգ մարզիչներ, իսկ գործարարները չեն ցանկանում ներդրումներ անել մարզաձեւում:

Ըստ Սարգիս Գրիգորյանի՝ հանդբոլի միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաները պատրաստ են օգնել Հայաստանին, սակայն դրա համար հարկավոր է, որ մեր կառավարությունը մինչ այդ որոշակի քայլեր կատարի հանդբոլի զարգացման եւ մասսայականացման համար:

«Միջազգային ֆեդերացիան իմ խնդրանքով հանդբոլի մարզահատակ է տրամադրել, սակայն այն Հայաստան չենք բերում, քանի որ այստեղ մեզ մարզադահլիճ չեն հատկացնում այն տեղադրելու համար» - եզրակացրեց նախկին հանդբոլիստը: