Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կմեկնարկի բարձրագույն խմբի 13-րդ տուրը

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

«Գանձասար» - «Բանանց» խաղով այսօր կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 13-րդ տուրը:

Հանդիպումը սկզբունքային նշանակություն ունի թիմերի համար, քանի որ 12 տուրից հետո դրանք վաստակել են 16-ական միավոր եւ բաժանում են 4-5-րդ տեղերը:

Կապանցիները վերջին շրջանում անհաջող են հանդես գալիս: 11-րդ տուրում նրանք սեփական դաշտում պարտվել են մրցաշարի առաջատար «Արարատին», իսկ հաջորդ խաղում հյուրընկալվելիս զիջել են ետնապահ «Ալաշկերտին»:

«Բանանցը» համեմատաբար ավելի հաջող է անցկացրել նոյեմբերի սկիզբը: Ժոլտ Հորնյակի սաները նախ արտագնա խաղում ոչ-ոքի խաղացին «Փյունիկի» հետ, ապա սեփական հարկի տակ պարտության մատնեցին «Միկային»:

Չնայած այդ հանգամանքին, բուքմեյքերները, այնուամենայնիվ, նախապատվությունը տալիս են «Գանձասարին», որի հաղթանակը գնահատել են 2,10 գործակցով:

Այսօրվա երկրորդ խաղում առաջնության ետնապահ «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի մրցաշարի ընդգծված առաջատար «Արարատին»: Մրցաշրջանը հաջող սկսած արարատցիները վերջին երկու տուրերում վաստակել են 3 միավոր. դրսում հաղթել են «Գանձասարին», իսկ տանը պարտվել` «Շիրակին»:

«Ալաշկերտը» նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ երկու հաղթանակ է տոնել վերջին երկու հանդիպումներում: Չնայած դրան, թիմը 9 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը:

Բուկմեյքերների կարծիքով այս զույքի ֆավորիտը «Արարատն» է: