Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգիս Հովիվյանը չի զղջում

Սպորտ
4bfa3f2b68b7a3ca14a4930d164b1582

Նոյեմբերի 17-ին 75-ամյակը նշած հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդ Սարգիս Հովիվյանը չի զղջում իր անցած ճանապարհի համար, չնայած դա շատ խորդուբորդ է եղել:

«Դուք գիտեք, որ ինձ մեկ անգամ զորակոչել են բանակ, մեկ անգամ էլ հեռացրել թիմից, բայց ես միշտ ձգտել եմ արագ վերադառնալ Հայաստան, քանի որ երջանիկ էի լինում, երբ խաղում էի մեր ժողովրդի համար եւ ուրախացնում էի նրան» - «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց անվանի հարձակվողը:

Սարգիս Հովիվյանը առայսօր զավեշտով է հիշում իր զորակոչն ու զորացրումը. «1960 թվականի նոյեմբերին ես զինվորական ուղեգիր ստացա Մարշալ Գրեչկոյի ստորագրությամբ:

Հանրապետության գլխավոր զինկոմը այն վերցրեց եւ գնաց կոմկուսի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանի մոտ, ում պատրաստվում էին հանել այդ պաշտոնից: Նա պատասխանել էր, որ ժամանակ չունի դրանով զբաղվելու:

1962 թ ապրիլի 6-ին, երբ ԲԿՄԱ-ի կազմում ժամանեցի Երեւան, ֆուտբոլասերները հավաքվել էին «Սեւան» հյուրանոցի մոտ եւ ցանկանում էին ինձ տեսնել: Նրանք այնքան շատ էին, որ սկսեցին բողոքի ցույց անել:

Հետո ֆուտբոլասերները գնացել են կոմկուսի շենքի մոտ եւ պահանջել միջամտել ինձ զորացրելու համար: Այդ գործընթացին խառնվել են նաեւ մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու Արտեմ Միկոյանը, եւ շուտով ես վերադարձա հարազատ թիմ»:

Սարգիս Հովիվյանը կարծում է, որ 1960 թվականի Երեւանի «Սպարտակը» կդառնար ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր, եթե թիմում լիներ կարգապահություն եւ բարձրակարգ մարզիչ. «Այդ տարի մենք շատ ուժեղ կազմ ունեինք, Երեւանում խոշոր հաշվով հաղթեցինք այնպիսի ուժեղ թիմերի, ինչպիսիք էին Թբիլիսիի «Դինամոն», Մոսկվայի «Սպարտակը», Դոնի Ռոստովի ԲՄԱ-ն եւ այլն: Բայց մեր մարզիչները պահանջկոտ չէին, որի հետեւանքով ֆուտբոլիստները չէին հետեւում կենսակարգը: Արդյունքում անհարկի միավորներ կորցրինք եւ ի վերջո զբաղեցրինք 9-րդ տեղը»:

Անվանի վետերանը շարունակում է հետեւել ֆուտբոլային իրադարձություններին, սակայն դիտում է միայն կարեւոր եւ դիտարժան հանդիպումներ, որոնց մեջ չեն մտնում Հայաստանի առաջնության խաղերը: