Անդրեասյանին չի զարմացրել Մինասյանի որոշումը
Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Արկադի Անդրեասյանին չի զարմացրել այն փաստը, որ Վարդանի Մինասյանը հրաժարվել է կրկին գլխավորել Հայաստանի հավաքականը. «Մարզչական աշխատանքն է այդպիսին:
Մարզչից առաջին հերթին արդյունք են պահանջում, իսկ դա ոչ թե այն է, որ թիմը մեկ խաղում հաղթում է, մյուսում` պարտվում, այլ այն, որ կատարում է իր առջեւ դրած խնդիրը: Հայաստանի հավաքականն իր խմբում 5-րդ տեղն է գրավել, այսինքն՝ չի լուծել խնդիրը:
Նման դեպքում կամ գլխավոր մարզիչն է հրաժարական տալիս, կամ նրան ազատում են աշխատանքից» - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց անվանի մասնագետը:
Արկադի Անդրեասյանի կարծիքով՝ Հայաստանի հավաքականը պետք է գլխավորի արտասահմանցի մասնագետ. «Հայաստանում, բացի Վարդան Մինասյանից, ոչ մի մարզիչ միջազգային խաղերի մեծ փորձ չունի:
Եթե հավաքականի առջեւ խնդիր է դրված մտնել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ, ապա հարկավոր է հրավիրել բավական փորձառու մասնագետի: Այդ գործոնը շատ կարեւոր է նման մակարդակի խաղերի ժամանակ»:
«Արարատ-73»-ի լեգենդար կիսապաշտպանը ամենեւին չի կարեւորում, թե ինչ ազգության կլինի հավաքականի նոր գլխավոր մարզիչը. «Կարեւորն այն է, որ հավաքականը ընդունող մասնագետը լավ պատկերացնի, թե ինչ են պահանջում իրենից եւ արդյոք ինքը պատրաստ է լուծել իր առջեւ դրած խնդիրը»: