Անանդը առայժմ խաղաղաբար է տրամադրված
Նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենին չհաջողվեց ուրախացնել իր ուսուցչին:
Խոսքը վերաբերում է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին, որը երեկ ժամանել էր հնդկական Չենայ քաղաք, որպեսզի անմիջականորեն հետեւի իր սանի եւ աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի միջեւ անցկացվող աշխարհի թագի համար մրցամարտին:
Այսօր կայացած 3-րդ պարտիայում բավական հետաքրքիր պայքար ընթացավ: Սեւերով հանդես եկող Վիշվանաթան Անանդը սկզբում դիրքային առավելություն ստացավ, իսկ վերջում մեկ զինվոր շահեց: Սակայն Մագնուս Կառլսենը կարողացավ դուրս գալ դժվարին կացությունից եւ հավասարացրեց դիրքը:
Հնդիկ գրոսմայստերը արագ գնահատեց իրադրությունը եւ սկսեց փոխանակել խաղաքարերը: 51-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին եւ պահպանեցին ընդհանուր հավասարակշռությունը` 1,5:1,5:
Չորրորդ պարտիան կկայանա վաղը, նոյեմբերի 13-ին: Սպիտակներով հանդես կգա Վիշվանաթան Անանդը: Հանդիպմանը կրկին ներկա կլինի Գարի Կասպարովը