Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձայն-ձայնի տված պարտվեցին

Սպորտ
08794a31b40839ca96ac9869feabf6ec

Շախմատի Հայաստանի հավաքականները, կարծես ձայն-ձայնի տված, պարտություն կրեցին Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում:

Մեր շախմատիստների ընտրանին 1:3 հաշվով տանուլ տվեց Ուկրաինայի թիմին: Լեւոն Արոնյանը առաջին խաղատախտակին ոչ-ոքի խաղաց իրենից 81 վարկանիշային միավորով ետ մնացող Ալեքսանդր Արեշչենկոյին: Երկրորդ տախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը Անդրեյ Վոլոկիտինի հետ պարտիայի վերջում կոպիտ սխալ թույլ տվեց, զինվոր կորցրեց եւ տանուլ տվեց հավասար դիրքը:

Գաբրիել Սարգսյանը համառ պայքարում խաղաղ դաշն կնքեց Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ, իսկ ահա Տիգրան Պետրոսյանը լիովին ձախողեց Սերգեյ Ֆեդորչուկի հետ հանդիպումը` վերջում հայտնվելով մատային վիճակում:

Դիտելով մեր շախմատիստների պարտիաները՝ կարելի է եզրակացնել, որ նրանք այնքան էլ լավ չեն պատրաստվել մրցաշարին, լավ մարզավիճակում չեն գտնվում, չեն ուսումնասիրել գլխավոր մրցակիցների խաղը, չունեն տնային պատրաստություններ:

Հուսանք, որ առաջնության ընթացքում մեր թիմը կշտկի բոլոր թերությունները եւ ավելի հաջող կանցկացնի երկրորդ հատվածը:

5-րդ տուրում Հայաստանը կմրցի Սլովենիայի հետ, որը վարկանիշով շատ է ետ մնում մեր թիմից: Տիգրան Պետրոսյանին այսօր կփոխարինի Վլադիմիր Հակոբյանը:

Հայաստանի կանանց հավաքականը, որը գերազանց էր մեկնարկել առաջնությունում եւ երեք խաղում երեք վստահ հաղթանակ էր տարել, չկարողացավ զարգացնել հաջողությունը: 4-րդ տուրում մեր շախմատիստուհիները 1,5:2,5 հաշվով պարտվեցին Լեհաստանի 1-ին թիմին:

Թիմի առաջատար Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց, իսկ երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը հաղթեց իր մրցակցին: Ավաղ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան շատ թույլ հանդես եկան եւ պարտություն կրեցին:

Այսօր մեր շախմատիստուհիներին լուրջ փորձություն է սպասվում, քանի որ մրցելու են առաջնության ֆավորիտներից մեկի` Վրաստանի ընտրանու հետ: