Հայաստանում է Ուրուգվայի սպորտի նախարարը
Հայաստան է ժամանել Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Հայազգի հասարակական, քաղաքական, պետական գործիչը վաղը՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ուղեկցությամբ կայցելի Հայաստանի շախմատի ակադեմիա:
Երկու նախարարները ներկա կգտնվեն դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադային: Հանդիպման ընթացքում հայազգի գործընկերները քննարկումներ կունենան երկու երկրների միջեւ համագործակցության ծրագրերի, սպորտային որոշ մարզաձեւերում փորձի փոխանակման, ինչպես նաեւ համատեղ նախագծերի իրականացման շուրջ:
Երեկոյան ժամը 17:40-ին նախատեսված է Լիլիամ Քեշիշյանի այցելությունը Երեւանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ, որտեղ նա հանդիպում կունենա մարզական ոլորտի ներկայացուցիչների ու քոլեջի սաների հետ: