Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցակցի կազմերը հայտնի են

Սպորտ
30ea5082cea08222f6db973e98532bbe

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 14-ին եւ 19-ին կանցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները:

Մեր մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստները նախ Թուլուզի «Էռնեստ Վալոն» մարզադաշտում ուժերը կչափեն Ֆրանսիայի ընտրանու հետ, իսկ հինգ օր անց Բորիսովի քաղաքային մարզադաշտում կմրցեն Բելառուսի թիմի հետ:

Հայաստանի մրցակիցներն արդեն հրապարակել են նախնական կազմերը: Երկու հավաքականների գլխավոր մարզիչներն էլ հրավիրել են 22-ական ֆուտբոլիստ, սակայն ֆրանսիացիների կազմում ավելի շատ պաշտպաններ են ընդգրկվել (8 խաղացող), իսկ բելառուսցիների մոտ` կիսապաշտպաններ (10):

Հայաստանի երիտասարդական հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը դեռ չի հրապարակել նախնական կազմը: Նրա նախորդը` Ռաֆայել Նազարյանը, վերջին հավաքի ժամանակ հրավիրել էր 23 ֆուտբոլիստ, որոնցից 12-ը հանդես են գալիս նրա իսկ կողմից ղեկավարվող Երեւանի «Փյունիկում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այս մրցաշարում անցկացրած 4 խաղերում տարել է 1 հաղթանակ, իսկ երեքում պարտություն է կրել: Մեր թիմն արդեն 9 միավորով ետ է մնում խմբի երկու առաջատարներից` Ֆրանսիայից ու Իսլանդիայից: Բելառուսի երիտասարդականը Հայաստանի նման ունի 3 միավոր, սակայն խփած եւ բաց թողած գոլերով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: