Ջորջիո Պետրոսյանը կերկրպագի Իտալիային
Կիկբոքսինգի աշխարհի չեմպիոն Ջորջիո Պետրոսյանն այսօր կայանալիք Իտալիա - Հայաստան խաղին երկրպագելու է դաշտի տերերի թիմին:
«Ես ինձ ավելի շատ իտալացի եմ զգում, ուստի Իտալիայի հավաքականն ինձ ավելի հոգեհարազատ է: Ավելի շատ հետեւելու եմ Մարիո Բալոտելիի խաղին, քանի մենք լավ ընկերներ ենք եւ հաճախ ենք իրար զանգահարում»:
Ինչպես վկայում է Ջորջիո Պետրոսյանը, ինքը «Միլանի» ֆուտբոլիստի հետ ծանոթացել է մենամարտերից մեկի ժամանակ: Հայ բռնցքամարտիկը Բալոտելիին ձեռնոցներ է նվիրել, իսկ վերջինը նրան տվել է իր հագի վերնաշապիկը:
«Նա համեստ, պարզունակ մարդ է: Ես նրա հետ շփվելիս շատ լավ եմ զգում ինձ: Մարիոն շատ լավ ֆուտբոլ է խաղում, բայց կարող էր հաջողության հասնել նաեւ կիկբոքսինգում» - նշել է Ջորջիո Պետրոսյանը, որը համաձայն չէ իտալական լրատվամիջոցների այն կարծիքի հետ, որ Մարիո Բալոտելին իրեն չի պահում այնպես, ինչպես որ պահանջվում է ֆուտբոլի աստղից: