Ինչու պարտվեց երիտասարդականը
«Ֆրանսիացիներն ունեին շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Մենք կարողացանք դիմադրել մեկ խաղակես: Մեր տղաներն արեցին հնարավոր ամեն բան: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականը շատ բարձրակարգ ֆուտբոլ խաղաց», - Ֆրանսիայի երիտասարդական ընտրանուն 1:4 հաշվով պարտվելուց հետո հայտարարեց մեր մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:
«Հրազդան» մարզադաշտում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստները դեռ սովորելու շատ տեղ ունեն: Մերոնք նախ մրցակցին զիջում էին ֆիզիկական պատրաստությամբ: Դա, իհարկե, գալիս է մեր ակումբային ֆուտբոլի մակարդակից (մեկնարկային կազմի 10 ֆուտբոլիստները հանդես են գալիս հայկական թիմերում): Երկրորդ, լիովին բացակայում էր խաղային կարգապահությունը, ֆուտբոլիստները հաճախ էին խախտում այն, որի պատճառով ֆրանսիացիները թվային առավելություն էին ստանում շատ դրվագներում: Սա արդեն գլխավոր մարզչի բացթողումն է:
Ավաղ, ցածր էր նաեւ մեր խաղացողների տեխնիկական պատրաստվածությունը, որը, սովորաբար, միշտ բարձր մակարդակի վրա է եղել: Դա վկայում է այն մասին, որ ֆուտբոլի դպրոցներում այնքան էլ լավ չեն զարգացնում ֆուտբոլի այդ բաղադրիչ մասը:
Մեր տղաները պատրաստ չէին նաեւ հոգեբանորեն: Մասնավորապես` երկրորդ խաղակեսում նրանք մեկ րոպեում երկու գոլ բաց թողեցին, ինչը սեփական ուժերի հանդեպ անվստահության դրսեւորում էր:
Ցավալին այն է, որ խաղից առաջ մեր գլխավոր մարզիչը հայտարարեց, որ լավ ուսումնասիրել է Ֆրանսիայի ուժեղ եւ թույլ կողմերը եւ վստահ հայտարարեց, որ կարելի է հաղթել մրցակցին: Ավաղ, ավելորդ ինքնավստահությունը հակառակ ազդեցություն թողեց մեր թիմի խաղի վրա:
Հուսանք, որ մեր մարզիչները հետագայում ավելի ճիշտ կգնահատեն թիմի ներուժը եւ ավելի ճիշտ մարտավարություն կընտրեն: