Այսօր` Հայաստան-Մ21 - Ֆրանսիա-Մ21
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականն այսօր Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կհյուրընկալի Ֆրանսիայի նույն տարիքային ընտրանուն:
Դա կլինի մեր թիմի թվով 3-րդ հանդիպումը 2015 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Հայաստանի երիտասարդականը երկու խաղից հետո վաստակել է 3 միավոր եւ զբաղեցնում է 3-րդ տեղը: Ֆրանսիայի 21 տարեկան ֆուտբոլիստները մեկնարկային երկու խաղերում հաղթանակ են տարել, սակայն առայժմ ընթանում են 2-րդ հորիզոնականում, քանի որ Իսլանդիայի երիտասարդականը հաջողության է հասել առաջին 4 հանդիպումներում:
Ֆրանսիայի երիտասարդականը Երեւան է ժամանել երեկ ուշ երեկոյան: Ֆրանսիացիները այսօր առավոտյան մարզում են անցկացրել «Հրազդան» մարզադաշտում: Թիմ հրավիրված 22 ֆուտբոլիստներից բացակայում է պաշտպան Կուրտ Զուման, որը կանչվել է ազգային հավաքական:
Հայաստանի եւ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականներն արդեն երեք անգամ ուժերը փորձել են կանաչ խաղադաշտում: Երկու խաղում հաղթել են ֆրանսիացի ֆուտբոլիստները, իսկ մեկն ավարտվել է ոչ-ոքի: Վերջին անգամ կողմերը հանդիպել են 2007 թ, միջազգային մրցաշարի ժամանակ: Այդ խաղում գրանցվել է 1:1 արդյունք:
Հարկ է նշել, որ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականը վերջին տարիներին հաջող չի հանդես գալիս Եվրոպայի առաջնություններում: Վերջին անգամ այն եզրափակիչ փուլ մտել է 7 տարի առաջ, 2006 թվականին: Դրանից հետո ֆրանսիացիները չեն հաղթահարել ընտրական փուլի արգելքը:
Բուքմեյքերները այսօրվա հանդիպման ֆավորիտ են համարում Ֆրանսիային, որի հաղթանակը գնահատում են 1,33 գործակից` Հայաստանի 7,70-ի դիմաց: Ամենահավանական արդյունք համարում են 0:2 հաշիվը: