Գյուղական գրադարանը մոռացված հաստատություն է
«Գյուղական գրադարանը մոռացված հաստատություն է», - ասում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի նախկին գրադարանավար Գայանե Դարբինյանը։
«Ժամանակին Նալբանդյանի գրադարանը ամենահարուստն ու մեծն էր», - մտահոգվում է գրադարանավարը և հավելում, որ այսօր գրքերի տեղը նույնիսկ չգիտի։
«Հունվարին գրադարանը փակվեց, գրքերը հետո համայնքապետարանի աշխատողները հավաքել են ու հիմա ասում են, որ նկուղում են պահում», - «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է գրադարանավարը։
«Շուրջ 9 000 միավոր գրականություն ունենք. կա և հայ գրականության և ռուս գրականության, անցյալ տարի մեզ նաև մանկական ու ժամանակակից գրականություն են նվիրաբերել», - ասաց Դարբինյանը։
«Ընթերցողները շատ էին, աշակերտներն ու ուսանողները մշտապես օգտվում էին գրադարանից», - նկատում է Նալբանդյան համայնքի նախկին գրադարանավարը.
Այն, որ այսօր գրադարանավարի օրն է, տիկին Գայանեն չի էլ հիշում, շնորհավորանքներ նույնիսկ չի ստացել. «Տխուր եմ, մտահոգված, որ մասնագիտական տոնը նշում եմ առանց աշխատանքի»։
«Դժվար պայմաններում ենք աշխատել. շենքի տանիքը կաթում էր, ու ես ստիպված գրքերը ջրից փրկելու համար միշտ այսուայն կողմ էի տեղափոխում», - իր աշխատանքային տարիներն է հիշում գրադարանավարը։ Տիկին Գայանեն երազում է, որ նախկինի պես գյուղում գրադարանը գործի։ Սակայն համոզված է՝ գրադարանի դուռը այսուհետ Նալբանդյանում բաց չի լինի. «Ես չեմ հավատում, որ մշակույթի տունը նորոգվելու է, ու մի սենյակ էլ գրադարանին է հատկացվելու՝ դրանք մենակ խոսքեր են», - վստահեցնում է գրադարանավարը։
«Ա1+»-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը նշեց, որ մշակույթի տան վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտելուց հետո մշակույթի տանը տեղ է գտնելու նաև գրադարանը. «Մենք միշտ ամենալավ գրադարանն ենք ունեցել հարևան գյուղերի համեմատ, պետք է այնպես անենք, որ նախկին համբավը վերականգնենք», - ասաց Նալբանդյան համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` 2004-ից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»։