Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Ֆահրադյանը նոր հայտ է ուղարկել Լոնդոն

Սպորտ

Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը երկու տարի ընդմիջումից հետո պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել:

«2009, 2010 եւ 2011 թվականներին ռեկորդներ սահմանելուց հետո ես հիմնականում զբաղված էի մարզումներով: Սակայն մեկ ամիս առաջ հայտ եմ ուղարկել Լոնդոնում գտնվող Գինեսի գրասենյակ եւ պատրաստվում եմ նոր ռեկորդ սահմանել: Այժմ օրական միջին ծանրաբեռնվածության երկու մարզումներ եմ անցկացնում, իսկ երբ հայտնի դառնա վարժության անցկացման օրը, դրանք ավելի ծանրաբեռնված բնույթ կուենենան» - այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց նախկին մարմնամարզիկը:

Դավիթ Ֆահրադյանն այս անգամ ցանկանում է ռեկորդ սահմանել հակառակ բռնվածքով ետադարձ պտույտներ վարժությունում. «Նախկինում նման փորձեր արվել են, սակայն ոչ մեկին չի հաջողվել ռեկորդ սահմանել, քանի որ Գինեսի գրասենյակն է որոշում պտույտների նվազագույն քանակը: Վարժությունը բավականին բարդ է եւ առայժմ կատարում եմ 50-60 պտույտ»:

Դավիթ Ֆահրադյանը նշեց, որ հրավերքներ ունի արտասահմանյան մի շարք երկրներից՝ դրանց դրոշի ներքո հանդես գալու համար:

«Արտասահմանյան շատ ակումբներ ցանկանում են հրավիրել Գինեսի ռեկորդակիրների, որպեսզի նրանց սահմանած ռեկորդների հաշվին մեծ անուն հանեն աշխարհում: Ես նույնպես ստացել եմ նման առաջարկներ, սակայն այդ մասին չեմ մտածում, քանի որ Հայաստանում ամեն ինչ ինձ ձեռք է տալիս, բացի այդ մեծ հպարտություն եմ ապրում, երբ մեր եռագույնի ներքո եմ սահմանում ռեկորդը»:

Հիշեցնենք, որ Դավիթ Ֆահրադյանը Գինեսի ռեկորդակիր է երկու եւ մեկ ձեռքով ետադարձ պտույտներ վարժություններում: