Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսային միություն՝ ամերիկյան փողերով (տեսանյութ)

Քաղաքականություն
bf77c1647346382828c808f021161fcb

Մաքսային միությանը վերաբերող բազմաթիվ հարցերին Հայաստանում Ամերիկայի դեսպանը ունի մեկ պատասխան՝ Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է եւ այնտեղ ունի պարտավորություններ:

«Հայաստանն ինքն է կայացնում իր որոշումները, եւ Միացյալ Նահանգներն ու իր գործընկերները շարունակելու են աշխատել Հայաստանի հետ»,- ասում է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։

Դեսպանն այսօր մասնակցում էր Մաքսային բարեփոխումները Հայաստանում թեմայով սեմինարին, որի ժամանակ հնչեցրեց հետեւյալ հարցը՝ Ամերիկայի ինչի՞ն են պետք Հայաստանի մաքսային բարեփոխումները, դրանից ի՞նչ օգուտ ունի Ամերիկան. «Ոչ մի օգուտ, մենք բարելավում ենք միջավայրը, երբեմն նույնիսկ քննադատում ենք։ Մենք հավաքվել ենք, որպեսզի հասկանանք՝ ինչպե՞ս կարող ենք ազատ տեղաշարժ ապահովել հայկական ապրանքների համար»։

Դեսպանը Հայաստանի մաքսային ոլորտում բազմաթիվ մարտահրավերներ է տեսնում եւ մտադիր է աշխատել ֆինանսների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի հետ։ Կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ Մաքսային միություն գնացող Հայաստանը մաքսային բարեփոխումներ է անում Ամերիկայի օգնությամբ. «Մենք քավորությամբ չենք իրականացնում, մենք համապատասխանեցնում ենք մեր օրենսդրությունը Մաքսային միության եւ Եվրոմիության էն դրույթների հետ, որոնք որ հակասության մեջ չեն»։

Սեմինարի մասնակից «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի ղեկավար Արմեն Եղիազարյանը լիազորված չէ քաղաքական մեկնաբանություններ տալ Մաքսային միությանը միանալու եւ Ամերիկայի փողերով մաքսային բարեփոխումներ անելու հարցին, բայց կասի, թե ում փողերով է աշխատում իր ծրագիրը. «Մենք եվրոպական փողեր ենք օգտագործում եւ ոնց որ թե շարունակելու ենք օգտագործել»։

Պարոն Եղիազարյանը չգիտի՝ Մաքսային միության երկրներում գործու՞մ է գիլյոտին ծրագիրը։ Բայց տեղյակ է, որ եվրոպական մի շարք երկրներում ծրագիրը գործում է. «Գիլյոտինը մեր օրենսդրության պարզեցումն է, ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստան է, Բելառուս է, թե Չինաստան է»։

Այնուամենայնիվ, պարոն Եղիազարյանը կասի՝ այն, ինչ իրենցից ներկայացնում են Մաքսային միության փաստաթղթերը, որակյալ փաստաթղթեր են։