«Ունեցանք աշխարհում առաջին սոցիալական բանտարկյալը» (տեսանյութ)
«Սա մեսիջ էր բոլոր սոցիալական խմբերին, որ սոցիալական հարցերով չմոտենալ` կկալանավորեն»,- նկատի ունենալով ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար պայքարող, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումը, ասել է նրա մարտական ընկեր, «Խաչակիրներ» ՀԿ նախագահ Գագիկ Սարուխանյանը. «Ավետիսյանի ցավոտ կիզակետը էն էր, որ նա չէր բարձրանում քաղաքական հարցեր, այլ բարձրացնում էր սոցիալական հարցեր: Մենք աշխարհում ունեցանք առաջին սոցիալական բանտարկյալը:
Սա մեսիջ էր բոլոր սոցիալական խմբերին, որ սոցիալական հարցերով չմոտենալ, իսկ քաղաքական հարցերով ինչքան ուզում եք գնացեք-գոռգոռացեք, հայհոյեք, մեկա չեն տեսնելու»,- ասաց պարոն Սարուխանյանը:
Գագիկ Սարուխանյանը նաև տեղեկացրեց, որ իրենք ստորագրահավաք են սկսել։ «Այս պահի դրությամբ մոտավորապես 350 ազատամարտիկ է միացել ստորագրահավաքին»,- նշեց նա` հավելելով, որ Ազատության հրապարակում համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկներից ոմանք. «Ինչ վերաբերում է այն տղաներին, ովքեր այնտեղ հացադուլ էին անում, ապա նրանք չեն եկել»:
Տեղեկացնենք, որ այսօր ազատամարտիկների խորհուրդը հաղորդագրություն է տարածել` մասնավորապես նշելով. «Վոլոդյա Ավետիսյանին մեկուսացնելուց առաջ իշխանությունները փորձեցին պառակտել մասնակից ազատամարտիկներին և թշնամանք սերմանել նրանց միջև, սակայն նպատակին չհասնելով՝ դիմեցին ավելի խիստ, բայց անօրինական ու անբարոյական միջոցի: Իրազեկում ենք իշխանություններին, որ մենք չենք գնալու նրանց ցանկալի ճանապարհով: Վոլոդյա Ավետիսյանին սատարելուն զուգահեռ շարունակելու ենք պայքարը զոհված ազատամարտիկների, մեր զինակից ընկերների և նրանց ընտանիքների համար արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելու համար»:
Վոլոդյա Ավետիսյանի շահերը ներկայացնող երկրորդ պաշտպան, Նախախորհրդարանի խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ գործով դեռևս նորություններ չկան, նա որոշեց հարցին անդրադառնալ քաղաքական հարթակում. «Պայքարը, որ սոցիալական խնդիր էր բարձրացրել, մոտեցել էր այն կետին, երբ արդեն պարզ էր` այլևս սոցիալականի համատեքստում այդ հարցերը չեն լուծվելու, և պայքարը օբյեկտիվորեն տեղափոխվելու էր քաղաքական հարություն: Մեզ հայտնի էր, որ պատրաստվում են այդ բանը անելու: Այսպես ասած` հատուկ գործողությունը Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացվեց»,- նշեց նա:
Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներից Սամվել Մկրտչյանը նշեց. «Երբ շարժումը իր կիզակետում էր, Վոլոդյան անձամբ ինձ մի քանի անգամ ասեց, որ մոտենում են իրեն, պաշտոն են առաջարկում, գումար են առաջարկում, բայց նա չգնաց այդ քայլին: Բանակում կա էսպիսի մի բան` գլխով չես ուզում անել, ոտքերով կստիպենք, այսինքն` բիրտ միջոցների կանցնենք, ու կալանավորվեց»,- նշեց ազատամարտիկը: