Ինչ է խոսել ՀԱԿ-ը Գ. Կոստանյանի հետ (տեսանյութ)
Այսօր գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված զինդատախազ Գեւորգ Կոստանյանն առավոտից մեկ ժամանոց հանդիպումներ է ունենում ԱԺ խմբակցությունների հետ։
Առաջին հանդիպումը եղել է ՕԵԿ-ի հետ։ Հանդիպումից հետո ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ զրույցում որեւիցե մանրամասն չհաղորդեց, միայն նշեց, որ դատաիրավական բարեփոխումների շուրջ են խոսել։
Հաջորդ հանդիպումը ՀԱԿ խմբակցության պատգամավորների հետ էր, որից հետո խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իրենք Գ. Կոստանյանին ներկայացրել են Մարտի 1-ի զոհերի, Տիգրան Առաքելյանի կալանավորման, ՍԴՀԿ համագումարի եւ մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցեր։
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք ուշադրությամբ լսել են Կոստանյանի կենսագրությունը, ծրագրերը, ընդգծեց, որ իրենք դեռեւս կելնեն անմեղության կանխավարկածից եւ առայժմ որեւէ գնահատական չեն տա, կհետեւեն նրա գործունեությանը՝ միաժամանակ քաջ գիտակցելով, թե Կոստանյանն ինչ համակարգի աշխատող է, իր իսկ ձևակերպմամբ «ավազակապետական»։
Իսկ թե Գ. Կոստանյանին կողմ կքվեարկեն, թե դեմ՝ ցույց կտա ժամանակը։
Ի դեպ, Գեւորգ Կոստանյանն ամեն անգամ խուսափում էր լրագրողների հարցերից, ոչ մի հստակ պատասխան չէր տալիս։
Հաջորդ հանդիպումը ԲՀԿ-ի ու «Ժառանգության» հետ է լինելու, իսկ ՀՀԿ-ի հետ նա կհանդիպի երկուշաբթի։