Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապագա մանկավարժները երդվել են

Հասարակություն
3f3819213b028c5879e826ffe0e835bb

«Օրվա եղանակին բնորոշ ջերմությունն ու լուսավորությունը թող ուղեկցեն ձեզ ուսուցչի պատասխանատու և անհրաժեշտ գործունեության ողջ ընթացքում»,- այսօր կայացած առաջին կուրսեցիների երդմնառության արարողության ընթացքում ասաց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ ավելացնելով, որ ուսանող դառնալն իսկական հաղթանակ է:

Դիմելով այս տարվա շուրջ 1600 առաջին կուրսեցիներին՝ ռեկտորն առավել կարևորեց օրվա խորհրդին հաղորդակից լինելը՝ խոստանալ անել ամեն ինչ, որպեսզի տարիներ անց հպարտանան Մանկավարժական համալսարանի շրջանավարտը լինելու համար:

Անդրադառնալով բուհի ներկայիս գործունեությանը՝ Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց՝ Մանկավարժականը ներկայումս ապրում է բավականին լուրջ, պատասխանատու փոփոխությունների և զարգացման բուռն ժամանակահատված, որի արդյունավետությունը կախված է և´ դասախոսներից, և´ ուսանողներից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, հոգեշնորհ հայր Վարդան վարդապետ Նավասարդյանը, շնորհավորելով աբովյանականներին, ասաց. «Մանկավարժությունը մարդուն բարոյական, իմացական արժեքների մեջ վերահաստատելու, վերաիմսատավորելու մեծ առաքելություն է, որ մեկ բառով կարելի է մարդակերտում կոչել: Ավանդույթների և տարիների պատմություն ունեցող այս հաստատությունում ամբարեք գիտելիքների և հմտությունների այնպիսի պաշար, որ կարողանաք հաղորդակից լինել այս հարափոփոխ աշխարհին և ստացած գիտելիքները տարածել ամենուր»:

Հոգևորականը փոխանցեց նաև Ամենայն հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ.Տ. Տ Գարեգին Երկրորդի օրհնությունը և մաղթեց, որ Մեծ Լուսավորչի տուն-թանգարանում տված ուխտն ու երդումը դառնա մասնագիտության հանդեպ հավատարմության երաշխիք:

Արդեն ավանդույթ դարձած սեպտեմբերյան միջոցառմանն այս տարի ներկա էր նաև Ֆինլանդիայի Օուլու համալսարանի պատվիրակությունը: Բուհի Կրթության ֆակուլտետի դեկան Ռիտա-Լիզա Կորկեամակին մեծագույն պատիվ համարեց երդմնառությանը մասնակցելը ՝ ուրախությամբ նշելով, որ հատկապես այս ուսանողներն են դառնալու երկու համալսարանների համագործակցության արդյունքների կրողները: