Եվս երկու մեդալ Ֆրանսիայից
Հայաստանի մարզիկները եւս երկու մեդալ նվաճեցին Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող ֆրանկոֆոնյան խաղերում:
Մեր ձյուդոյիստներ Գրիգոր Իվանյանը (60 կգ) եւ Տիգրան Վարոսյանն (66 կգ) իրենց քաշային կարգերում գրավեցին 3-րդ տեղը եւ արժանացան բրոնզե մեդալների: 73 կգ քաշային ձյուդոյիստ Սուրիկ Գառնիկյանը մեկ զգուշացման պատճառով պարտվեց առաջին մարտում եւ դուրս մնաց պայքարից:
Սեղանի թենիսիստուհի Հասմիկ Խաչատրյանը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց լեհաստանցի Մայա Կժեւիչկայային եւ ավարտեց ելույթները:
Աթլետիկայի մրցումներում համեմատաբար հաջող հանդես եկան հեռացատկորդներ Վարդան Փահլեւանյանը եւ Արսեն Սարգսյանը, որոնք 7,76 մ նույն արդյունքով զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ եւ 5-րդ տեղերը: Հեծանվասպորտում մեր 5 հեծանվորդներից լավագույն արդյունք ցույց տվեց Մհեր Մկրտչյանը, որը 55 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ ոճային ըմբիշներն այս խաղերում նվաճել են 3 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ: