ՀԴԿ-ն կողմ է մաքսային միությանը միանալուն
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ըդնունել է հետեւյալ հայտարարությունը.
"Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, հավատարիմ իր ծրագրային սկզբունքներին, գնահատելով Հայաստանի Հանրապետության խորը և համապարփակ, բազմաբովանդակ կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, բացարձակ ձեռքբերում համարելով ազգային-պետական անվտանգության համակարգի գոյությունը, կառուցված Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ միասին, միանգամայն ճիշտ և վստահելի դաշնակցին համազոր որոշում է համարում Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
Մաքսային միության շրջանակներում համագործակցության խորացումը բխում է մեր երկրի թե՛ տնտեսական և թե՛ սոցիալական զարգացման շահերից, հնարավորություն ընձեռելով հիմնադիրներից մեկը դառնալու ապագա Եվրասիական միության կազմավորման գործընթացում:
Գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները Մաքսային միության անդամ պետությունների հետ բանակցություններում հետևողականորեն պետք է ներկայացնեն ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում համապատասխան փոխշահավետ համագործակցության մեխանիզմների ստեղծումը` որևէ պարագայում երբևէ չանտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսական շահերը, քանի որ Արցախի տնտեսական կառույցները փաստացի գործում են ՀՀ մաքսային տարածքում:
ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի վերահաստատման գործընթացում ոչ պակաս նշանակություն ունի ներկա աշխարհաքաղաքական խառնաշփոթ իրավիճակի մշուշոտ հեռանկարը, ինչը ուղղակի և անուղղակի ազդեցություն է ունենալու մեր երկրի անվտանգության թե՛ ամրապնդման, թե՛ թուլացման գործում:
Միաժամանակ գտնում ենք, Մաքսային միությանը միանալը ամենևին էլ չի խոչընդոտում մյուս երկրների և միությունների հետ համագործակցությանը: Եթե Եվրամիության ներկայացուցիչները անկեղծ են իրենց հայտարարություններում, ապա Հայաստանը կարող է շարունակել համագործակցությունը Ասոցացման պայմանագրի շրջանակներում և յուրահատուկ կամուրջ հանդիսանալ ԵՄ և Մաքսային միության և ապագա Եվրասիական միության անդամ երկրների միջև: Մի բան, որը որոշակիորեն կբացառեր հակամարտության սաղմերի գոյավորումը:
Առավել ևս, որ արդի իրավիճակում անհրաժեշտ է լինել այն ճամբարում, որտեղից խաղաղությանը, մարդու և ժողովուրդների իրավունքների իրական պաշտպանությանը, նրանց ինքնության պահպանմանը և զարգացմանն ուղղված համապատասխան քայլեր են ձեռնարկվում»: