Արքա Ագերը փրկեց Դանիան
Դանիական լրատվամիջոցները ոգեւորվել են Երեւանում իրենց երկրի ֆուտբոլիստների տարած հաղթանակից:
Նրանք նախեւառաջ ուրախությամբ նշում են, որ ազգային թիմը շարունակում է պայքարել Բրազիլիա-2014-ի ուղեգրի համար:
Դանիացի լրագրողներն այնքան էլ գոհ չեն հավաքականի խաղից: Մասնավորապես` «Էքստրա Բլադետը» ցածր գնահատականներ է դրել թիմի 5 ֆուտբոլիստներին: Բացառություն է կազմել միայն հավաքականի ավագ Դանիել Ագերը, ում խաղը արժանացել է 5 գնահատականի:
Զարմանալի չէ, որ թերթը խաղի ռեպորտաժը վերնագրել է. «Արքա Ագերը փրկեց Դանիան»:
Հայաստանի հավաքականին հաղթելուց հետո դանիացիները դեռեւս մեծ հույսեր են կապում հենց մեր թիմի հետ: Բանն այն է, որ 2-րդ տեղի համար պայքարում նրանց գլխավոր մրցակից Բուլղարիան հաջորդ հանդիպումը անցկացնելու է Երեւանում: Դանիացիները հույս ունեն, որ Հայաստանը գոնե ոչ-ոքի կխաղա բուլղարացիների հետ, ինչը նրանց հնարավորություն կտա շրջանցել վերջիններին (իհարկե, դրա համար հարկավոր է նաեւ հաղթել Իտալիայի ուժեղ թիմին):
Լրատվամիջոցները նաեւ հաշվել են ընտրական խմբերում 2-րդ տեղերում ընթացող թիմերի միավորները: Պարզվում է, որ եթե Դանիան ի վերջո զբաղեցնի 2-րդ հորիզոնականը, ապա ամենաշատը 12 միավոր կվաստակի, իսկ դա նշանակում է, որ այն չի կարող միանգամից նվաճել եզրափակիչի ուղեգիր եւ ստիպված կլինի անցումային խաղեր անցկացնել:
«Մեզ դեռ երկար ու դժվարին ճանապարհ է սպասվում 2014-ի ամառային արեգակի, սամբայի եւ աշխարհի առաջնության հմայքը վայելելու համար» - գրում է «Էքստրա Բլադետը»: