Չեխիա - Հայաստան խաղում անշլագ կլինի
Այսօր կայանալիք ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության Չեխիա - Հայաստան հանդիպումը կանցնի լեփլեցուն ստադիոնում: Այդ մասին տեղեկացնում է տեղի Blesk թերթը:
Ըստ լրատվամիջոցի տպագրված 20,800 տոմսերից արդեն իրացվել է 20 հազարը: Մնացած 800-ը այսօր կվաճառվեն «Էդեն Արենա» մարզադաշտի տոմսարկղերում: Եթե բոլոր տոմսերը վաճառվեն, ապա Չեխիայի հավաքականը ռեկորդ կսահմանի ընտրական այս փուլում, քանի որ թիմի նախորդ տնային հանդիպումներում ամենաշատ հանդիսական եղել է Իտալիայի հետ խաղում` 18,235 հանդիսական:
Նշենք, որ չեխերը չորրորդ անգամ են խաղալու «Էդեն Արենա» մարզադաշտում: Առաջին երեք հանդիպումներից երկուսում Չեխիայի թիմը հաղթել է (Շոտլանդիա` 1:0, Լատվիա` 2:0), մեկն ավարտել ոչ-ոքի (Հյուսիսային Իռլանդիա` 0:0), ընդ որում դրանցում անառիկ է պահել սեփական դարպասը: Այնպես որ, Հայաստանի հավաքականը կարող է դառնալ այն թիմը, որը «Էդեն Արենայում» առաջին անգամ կգրավի չեխերի դարպասը: