Հայաստանն ավելի կարեւոր է, քան Իտալիան
Չեխիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը կարծում է, որ Հայաստանի ընտրանու հետ հանդիպումն ավելի կարեւոր նշանակություն ունի իր թիմի համար, քան Իտալիայի հետ մրցախաղը:
«Աշխարհի առաջնության անցումային փուլ մտնելու համար մենք պետք է անպայման հաղթենք Հայաստանին, Մալթային եւ Բուլղարիային: Իհարկե, լավ կլիներ, եթե միավոր վաստակեինք նաեւ իտալացիների հետ արտագնա խաղում, բայց դա պարտադիր չէ» - Չեխիայի հավաքականի առաջին մարզումից հետո հայտարարել է Միխալ Բիլեկը:
Ի դեպ, Հայաստանի առաջիկա մրցակիցը կադրային լուրջ խնդիրներ ունի ներկայումս: Վնասվածք են ստացել հավաքականի առաջատար խաղացողներ Մատեյ Վիդրան, որը երեւանյան հանդիպման ժամանակ երկու գոլի հեղինակ էր դարձել, ինչպես նաեւ Թոմաշ Հյուբշմանը եւ Վլադիմիր Դարիդան:
«Երեքն էլ հիմնական կազմի խաղացողներ են, ուստի այն թուլացած տեսք կունենա այս անգամ: Հավատացած եմ, որ մենք կարող ենք փակել այդ բացը» - ասել է Միխալ Բիլեկը: