Հետապնդում են առաջատարներին
Հայաստանի շախմատիստներն այս օրերին մասնակցում են մի քանի միջազգային մրցաշարերի:
Իսպանիայում ընթացող «Սենտ Մարտի-2013» փառատոնում մեր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 6 տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ զբաղեցնում է 8-րդ տեղը: Հայաստանի մյուս շախմատիստներ Հովիկ Հայրապետյանը եւ Մարկ Բասենջյանը իրենց ակտիվում ունեն համապատասխանաբար 4 եւ 2,5 միավոր: Մրցաշարը 6 միավորով գլխավորում է նորվեգացի գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող միջազգայինում գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը 6 հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր եւ բաժանում են 7-17-րդ տեղերը: Մեր երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը նրանցից ետ են մնում կես միավորով: Այստեղ աղյուսակը գլխավորում են բելառուսցիներ Ալեքսանդր Կոչեեւը եւ Վլադիսլավ Կովալեւը, որոնք ունեն 5,5-ական միավոր: