Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» կխաղա «Ժալգիրիսի» հետ

Սպորտ
4dbfbfe2b929e586ec007f337639cb30

Երեւանի «Փյունիկը» այսօր կանցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի անդրանիկ հանդիպումը: Հայաստնի ֆուտբոլի գավաթակիրը կմրցի Լիտվայի այս տարվա գավաթակիր «Ժալգիրիսի» հետ:

Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը, թիմը Վիլյնուս է մեկնել 19 խաղացողով: Եվրոպայի լիգայի նախորդ փուլի, մակեդոնական «Տետեքս» թիմի հետ խաղի համեմատ, բացակայում են Գոռ Մալաքյանն ու Արթուր Գրիգորյանը: Նրանց տեղը ընդգրկվել են Կամո Հովհաննիսյանը եւ Նարեկ Ասլանյանը:

Ի դեպ, «Փյունիկը» ամենաերիտասարդ թիմն է համարվում Եվրոպայի լիգայում: Այդ մրցաշարում հայտավորված ֆուտբոլիստներից միայն երեքը 20-ից բարձր տարիք ունեն: Զարմանալի չէ, որ լիտվացի լրագրողները հենց այդ մասին են հարցրել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին: Վերջինս պատասխանել է, որ «թիմում հանդես են գալիս միայն իրենց դպրոցի սաները, քանի որ ակումբի նպատակն է պատրաստել ֆուտբոլիստներ հավաքականների համար»:

Իսկ ահա «Ժալգիրիսը» մրցաշարի փորձառու թիմերից մեկն է: Լիտվայի գավաթակրի ամենաերիտասարդ խաղացողը նվազագույնը 21 տարեկան է: Թիմի կազմում հանդես են գալիս օտաերկրացի ֆուտբոլիստներ Լեհաստանից, Խորվաթիայից, Ռուսաստանից եւ Ճապոնիայից:
Բուքմեյքերների կարծիքով այդ հանդիպման ֆավորիտը «Ժալգիրիսն» է, որի հաղթելու հնարավորությունը (1,56 գործակից) մոտ 4 անգամ բարձր է «Փյունիկի» հնարավորությունից (5,90):