Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիկ Մոկոյանը մեդալ կստանա

Սպորտ
f47b6b826fa13bc804e62f53feddce93

Հայաստանի ուսանող մարզիկները սկսել են պայքարը Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկած 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի մեդալների համար:
Մրցումների առաջին երեք օրերում արդեն խաղարկվել են 27 ոսկե, 27 արծաթե եւ 41 բրոնզե պարգեւներ: Բոլորից շատ մեդալներ նվաճել են Ռուսաստանի (17), Չինաստանի (8) եւ Ճապոնիայի (6) մարզիկ-մարզուհիները:

Ավաղ, մեր մարզիկները առայժմ անհաջող են հանդես գալիս Վոլգայի ափերին: Ծանրամարտիկ Սմբատ Մարգարյանը 56 կգ քաշային կարգում երկամարտի 235 կգ արդյունքով գրավեց 8-րդ տեղը:

Գոտիներով ըմբշամարտի մրցումներում մեր մարզիկներ, 62 կգ քաշային Գոռ Մկրտչյանը, 68 կգ քաշային Արթուր Երանոսյանը, 82 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը, 90 կգ քաշային Կարեն Ջանոյանը եւ 100 կգ ավելի քաշային Ազատ Աբրահամյանը, պարտվեցին նախնական փուլերում եւ մնացին առանց պարգեւների: Այսօր պայքարի մեջ կմտնի 52 կգ քաշային Երջանիկ Կարապետյանը:

Բռնցքամարտի մրցումներում մեր մարզիկներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) եւ Սամվել Բարսեղյանը (60 կգ) զիջեցին առաջին մարտում եւ նույնպես ավարտեցին ելույթները:
64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը արդեն տոնել է երկու հաղթանակ եւ մտել քառորդ եզրափակիչ: Այսօր նա կմրցի թուրքմեն Ազիզ Բեբիտովի հետ:

Մեր 56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը առաջին մարտում հաղթելով հարավկորեացի Օհ Բյուն Վուկին, միանգամից մտավ կիսաեզրափակիչ եւ նվազագույնը ապահովեց բրոնզե մեդալ: Վաղը նա կհանդիպի ռուսաստանցի Սերգեյ Վոդոպյանովի հետ:
Մեր 4 ձյուդոյիստներից առաջինը տատամի մտավ Հակոբ Առաքելյանը (+100 կգ): Նա առաջին իսկ մարտում պարտվեց ճապոնացի մրցակցին եւ դուրս մնաց պայքարից: Այսօր մրցասպարեզ կմտնի 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը: Նա առաջին մարտում կմրցի հունգարացի Լասլո Չոնկայի հետ: