Հայաստանի թիմերի մրցակիցները հայտնի են
ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում տեղի ունեցավ նաեւ 2013-14 թթ Եվրոպայի լիգայի մրցաշարի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի ֆուտբոլի անցած առաջնության փոխչեմպիոն Երեւանի «Միկան» ընդգրկվեց 4-րդ զամբյուղում, որտեղ նրա հավանական մրցակիցները դարձան բալկանյան երկրների թիմերը` բուլղարական ԲԿՄԱ-ն, սերբական «Վոյվոդինան», ռումինական «Աստրան», չեռնոգորական «Ռուդարը» եւ բոսնիական «Զրինսկին»: Ի վերջո «Միկային» բաժին հասավ «Ռուդարը», որի հետ անցած տարի հանդիպել էր «Շիրակը» եւ հաղթել երկու խաղերի արդյունքներով:
2013 թ բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը» ընգրկվեց 7-րդ զամբյուղում, որտեղ համեմատաբար թույլ մրցակիցներ էին Մալթայի «Վալետան» եւ Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժը»: Սակայն կապանցիներին բաժին հասավ ղազախական «Ակտոբեն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:
Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկը» հայտնվեց 3-րդ զամբյուղում, որտեղ նրա մրցակիցները կարող էին դառնալ ղազախական «Իրտիշը», մակեդոնական «Տետեքսը», ալբանական «Տեուտան», Սան Մարինոյի «Լիբերտասը» եւ Մալթայի «Սլիեման»: Վիճակահանության արդյունքներով «Փյունիկը» առաջին փուլում կխաղա «Տետեքսի» հետ:
Նշենք, որ առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 4-ին, իսկ պատասխանները` հուլիսի 11-ին: