Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» կմեկնի Սերբիա

Սպորտ
2f0652abba5e7f12524d2959e2f918f6

Երեւանի «Արարատը» պատրաստվելով գալիք առաջնությանը ներկայումս մարզումներ է անցկացնում Ձորաղբյուրում:

«Մենք մինչեւ առաջնության մեկնարկը կանցկացնենք երկու ուսումնամարզումային հավաք, հուլիսի 8-15-ը Հանքավանում, իսկ հուլիսի 15-27-ը` Սերբիայում: Հունիսի 26-ին թիմը ստուգողական խաղ կանցկացնի Հայաստանի 19 տարեկանների ընտրանու հետ: Դրանից հետո պարզ կդառնան հետագա ընկերական հանդիպումների օրերն ու մրցակիցները» - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

Ի դեպ, փորձառու մասնագետն առաջիկա մեկ շաբաթում ավելի շատ զբաղված է լինելու հենց Հայաստանի պատանեկան հավաքականով, քանի որ նա միաժամանակ այդ թիմի գլխավոր մարզիչն է եւ հունիսի 21-27-ը ուսհավաք է անցկացնելու Հանքավանում:

«Արարատում» մարզումներն այդ օրերին կանցկացնեն իմ օգնականները, նախապես կազմած պլանով: Պատանեկան հավաքականում կշարունակեմ ծանոթանալ խաղացողների կարողություններին: Կարեւորն այն է, որ այս անգամ մեզ կմիանան արտերկրներում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստները: Ուսհավաքի ընթացքում նախատեսել ենք երկու ընկերական հանդիպում: Հունիսի 24-ին կխաղանք «Գանձասարի», իսկ 26-ին, ինչպես ասացի, «Արարատի» հետ» - պարզաբանեց Աբրահամ Խաշմանյանը:

Երեւանի «Արարատից» մի քանի ֆուտբոլիստներ արդեն հեռացել են, սակայն թիմը պայմանագիր է կնքել երեք նոր ֆուտբոլիստների հետ: Դրանք են «Ուլիսի» ավագ Դավիթ Գրիգորյանը, առաջնությունից դուրս եկած «Իմպուլսի» խաղացող Մհեր Սահակյանը եւ «Բանանցի» սան Միքայել Խաշմանյանը: Գլխավոր մարզիչը նշեց, որ առաջիկայում նոր համալրումներ կլինեն «Արարատի» կազմում: