Պահանջվում է հաղթանակ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Մալթայի ընտրանուն: Դա կլինի մեր ընտրանու թվով 5-րդ խաղը 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում:
Հայաստանի հավաքականը այժմ 3 միավորով զբաղեցնում է նախավերջին 5-րդ տեղը: Մալթայի ընտրանին ընդհանրապես միավոր չի վաստակել եւ եզրափակում է աղյուսակը:
Խմբի ետնապահների հանդիպումը նախեւառաջ սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի հավաքականի համար, քանի որ միայն հաղթելու դեպքում այն կշարունակի պայքարել եզրափակիչ փուլի ուղեգրի համար, իսկ մյուս դեպքերում մերոնք դուրս կմնան այդ մրցավազքից:
Նշենք, որ երկու երկրների ազգային թիմերը նախկինում հանդիպել են 4 անգամ, ընդ որում բոլոր խաղերում էլ 1:0 հաշվով հաղթել են մեր ֆուտբոլիստները: Հուսով ենք, որ նրանք այսօր չեն խախտի այդ ավանդույթը եւ կտանեն 5-րդ անընդմեջ հաղթանակը, թեկուզ նույն 1:0 հաշվով , քանի որ այսօր կարեւորը արդյունքն է, այլ ոչ թե խաղի որակը կամ դիտարժանությունը:
Հիշեցնենք, որ Հայաստան - Մալթա հանդիպումը սկսվելու է ժամը 20:00-ին: