Լեւոն Արոնյանը պահպանեց 2-րդ տեղը
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում դարձյալ զբաղեցնում է 2-րդ տեղը:
Մեր գրոսմայստերը անցած ամսվա համեմատ բալեր չի վաստակել եւ ունի 2813 միավոր: Նա 10-ով գերազանցում է աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Աղյուսակը վստահորեն գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը, որն ունի 2864 միավոր:
Հայաստանի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանը մայիսի համեմատ բարելավել է արդյունքը եւ 57-րդ տեղից բարձրացել է 48-րդ հորիզոնական:
Վլադիմիր Հակոբյանը 39-ից նահանջել է 55-րդ տեղ, իսկ Գաբրիել Սարգսյանը 76-ից բարձրացել է 72-րդ հորիզոնական:
10 լավագույն շախմատիստների վաստակած միավորներով Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ երկրների մեջ զբաղեցնում է 4-րդ պատվավոր տեղը՝ ետ մնալով Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Չինաստանից:
Կանանց վարկանիշային աղյուսակը շատ ավելի վստահ գլխավորում է հունգարուհի Յուդիտ Պոլգարը, որը 99 միավորով գերազանցում է հնդկուհի Հումփի Կոներուին: Մեր Էլինա Դանիելյանը անցած ամսվա համեմատ նահանջել է 3 աստիճանով եւ այժմ 28-րդն է: Լիլիթ Մկրտչյանը գտնվում է 31-րդ հորիզոնականում:
Ընդհանուր հաշվարկով՝ Հայաստանը զբաղեցնում է 15-րդ տեղը: