Նոր մարզաձեւ Հայաստանում
Մայիսի 26-ին Երեւան - Էջմիածին մայրուղու հարակից «Զվարթնոց» օդանավակայանի եւ Մուսալեռ գյուղի միջեւ ընկած հատվածում կկայանա Դիսկ Գոլֆի խաղադաշտի բացման պաշտոնական արարողությունը: Այդ մասին տեղեկացնում է «Իվանս Դիսկ Գոլֆ Քորս» ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այն առաջին նմանատիպ խաղադաշտն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում:
Միջոցառման ընթացքում խաղի կազմակերպիչները կներկայացնեն խաղի էությունը: Գոլֆ եւ Դիսկ Գոլֆ մարզաձեւերը ունեն նույն խաղային կառուցվածքը եւ տալիս են խաղացողին նույն զգացողությունները: Նրանց գլխավոր տարբերությունը կայանում է միայն խաղի անհրաժեշտ սարքավորումների մեջ: Մահակների եւ գնդակների փոխարեն Դիսկ Գոլֆ խաղացողները նետում են հատուկ նախատեստված սկավառակներ` կախված խաղի բարդության աստիճանից: Դիսկ Գոլֆ խաղալը շատ ավելի հեշտ է եւ մատչելի` անկախ տարիքից եւ սեռից:
Բացմանը ներկա կլինեն Հայաստանում Դիսկ Գոլֆ խաղի եւ «Իվանս Դիսկ Գոլֆ Քորս» ֆեդերացիայի հիմնադիր-տնօրեն, բարերար Կայծակ Փալանջյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ դեսպանատների ներկայացուցիչներ, Դիսկ Գոլֆ խաղի պրոֆեսիոնալ խաղացողներ: