ՀՀ-ից լավագույն արդյունք ունի Գաբրիել Սարգսյանը
Լեհական Լեգնիցայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:
Հինգ տուրից հետո աղյուսակը 4,5 միավորով գլխավորում են ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոն եւ Ավստրիան ներկայացնող վրացի շախմատիստ Դավիթ Շենգելիան: Նրանցից կես միավոր քիչ ունեն 19 շախմատիստ, որոնց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, որը իր վերջին պարտիայում հաղթեց իսպանացի Իվան Սալգադոյին:
Մեր 6 շախմատիստներ` Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը եւ Կարեն Գրիգորյանը իրենց անվան դիմաց գրանցել են 3.5-ական միավոր:
Այսօր կկայանան 6-րդ տուրի պարտիաները: Գաբրիել Սարգսյանը սեւերով կմրցի Ֆրանսիայի ներկայացուցիչ Վլադիսլավ Տկաչեւի հետ: Սերգեյ Մովսեսյանը կհանդիպի Արման Փաշիկյանին, Տիգրան Լ. Պետրոսյանը` Վիորել Իորդանեսկուին (Ռումինիա), Զավեն Անդրիասյանը` Բադուր Ջոբավային (Վրաստան), Ռոբերտ Հովհաննիսյանը` Դավիդ Նավարային (Չեխիա), Կարեն Գրիգորյանը` Դանիլ Դուբովին (Ռուսաստան):