Խորհրդակցություն ԳՆ-ում
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել նախարարության համապատասխան ստորաբաժանումների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` քննարկելու «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման գործընթացը:
»Պարենային ապահովության տեղեկատվական համակարգի հիման վրա կայացվող որոշումների բարելավման Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ մշակվող արդիական այդ փաստաթղթի համար անչափ կարևոր է «Կոոպերատիվների օրենսդրական բարեփոխումների Հայաստանի համար նախատեսված ուղեցույցը» : Վերջինս շնորհանդեսի ներկայացրեց Ծրագրի մշակման աշխատանքային խմբի անդամ Վարդան Ուռուտյանը:
Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան կոոպերատիվների կարևորության, վերջիններիս տնտեսական ազդեցության, սոցիալական արժեքի, միջազգային իրավական հիմքերի և օրենսդրական կարգավորման ներկայացված կարևոր այլ հարցերի:
Ամփոփելով քննարկումը` նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը մեկ անգամ ևս կարևորեց նշված օրենքի անհրաժեշտությունը Հայաստանի գյուղատնտեսության համար և գոհունակություն հայտնեց օրենքի նախագծի մշակման գործընթացի վերաբերյալ: