«Հայաստանի առաջնությունը հետաքրքիր չէ»
Դոնեցկի «Շախտյորի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ Հայաստանի առաջնությունում խաղալով ֆուտբոլիստը չի կարող առաջընթաց ապրել:
«Հայաստանի առաջնությունում հանդես են գալիս 8 թիմ, ինչը հետաքրքիր չէ, քանի որ անընդհատ խաղում ես նույն մրցակցի հետ: Հայաստանում բոլոր երիտասարդ ֆուտբոլիստները երազում են տեղափոխվել ավելի բարձրակարգ թիմեր, ինչպես ես արեցի» - իտալական «Գազետա դելո սպորտ» օրաթերթի ExtraTime հավելվածին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:
Նա անդրադարձել է այս մրցաշրջանում իր ցույց տված արդյունավետ խաղին:
«Առաջ ես նույնպես շատ գոլային պահեր էի ունենում, բայց շտապում էի եւ շատ դեպքերում վրիպում էի: Այժմ ես ավելի հանգիստ եմ եւ համբերատար, ուստի ավելի հաճախ եմ գրավում դարպասը»:
Հենրիխ Մխիթարյանը իր ֆուտբոլային առաջխաղացումը կապում է «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի հետ:
«Նա երիտասարդ խաղացողներ է հրավիրում եւ նրանց օգնում է դառնալ բարձրակարգ ֆուտբոլիստ, եթե, իհարկե, երիտասարդները լսում եւ հետեւում են նրա խորհուրդներին: Ես նույնպես շատ բան եմ սովորել նրանից» - խոստովանել է «Շախտյորի» հայազգի ֆուտբոլիստը: