Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակիչում
Թբիլիսիում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցասպարեզ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները:
55 կգ քաշային կարգում մեր ըմբիշ Հարություն Հովհաննիսյանը նախ հաղթեց գերմանացի մրցակցին, ապա 1/4 եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Բեկխան Մանկիեւին եւ դուրս մնաց պայքարից, քանի որ վերջինս տանուլ տվեց իր հաջորդ մարտը:
60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը առաջին մարտում նույնպես հաղթեց, բայց նրա առաջընթացը կանգնեցրեց ռուսաստանցի մեկ այլ ըմբիշ Իվան Կուլյակովը: Քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, Ալեքսան Միքայելյանը մասնակցեց 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարին: Ավաղ, առաջին իսկ մարտում նա զիջեց Սլովակիայի ներկայացուցիչին եւ ավարտեց ելույթները:
96 կգ քաշային կարգում 2012 թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը մեկը մյուսի ետեւից հաղթեց Շվեդիայի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին եւ մտավ եզրափակիչ: Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարում նա ուժերը կչափի բուլղարացի Վլադիսլավ Մեթոդիեւի հետ:
120 կգ քաշայինների մրցումներում մեր ներկայացուցիչ Վաչիկ Եղիազարյանը հաջող հաղթահարեց առաջին արգելքը, բայց հետո պարտվեց ուկրաինացի Եվգենի Օրլովին: Վերջինս հասավ եզրափակիչ, եւ մեր մարզիկը 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ:
Առաջին իսկ մարտում Վաչիկ Եղիազարյանը պարտության մատնեց ռուսաստանցի Շախրուդի Այուբովին եւ մտավ մինիեզրափակիչ, որտեղ բուլղարացի Լյուբոմիր Դիմիտրովի հետ մարտում կվիճարկի երկու բրոնզե մեդալներից մեկը: