Տիգրան Լ. Պետրոսյանը կմասնակցի երկու մրցաշարի
Շախմատի այս տարվա չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը այս տարի առայժմ կմասնակցի երկու մրցաշարի:
«Ապրիլին հանդես կգամ Դուբայում անցկացվող միջազգային մրցաշարին, իսկ մայիսին կմասնակցեմ Եվրոպայի անհատական առաջնությանը: Ուրիշ մրցաշարեր առայժմ չեմ նախատեսել» - «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում հայտնեց մեր շախմատի հավաքականի անդամը:
Տիգրան Լ. Պետրոսյանը գնահատելով իր ելույթները Մոսկվայի «Աերոֆլոտ Օփեն» մրցաշարում, ասաց, որ դժգոհ է եւ խաղի որակից, եւ արդյունքից:
«Անհաջող խաղալուս պատճառները չեմ կարող ասել, որովհետեւ դեռ չեմ վերլուծել պարտիաները, բայց կաշխատեմ արագ ուղղել բացթողումները»:
Տիգրան Լ. Պետրոսյանը առաջիկա մրցաշարերին կպատրաստվի Երեւանում, անհատական ծրագրով:
«Ես սովորաբար մրցումներին պատրաստվում եմ միայնակ, համակարգչի օգնությամբ: Շախմատ եմ խաղում ինտերնետի օգնությամբ: Այդտեղ արդյունքներս բավականին հուսադրող են»:
Ի դեպ, հանրապետության փաստաբանների հետ միաժամանակյա սեանսի ժամանակ իր պարտությունը ընդունած մասնակիցներից մեկը Տիգրան Լ. Պետրոսյանին հետաքրքիր առաջարկություն արեց. շարունակել պարտիան, բայց ... շրջված խաղատախտակով: Շախմատիստ-փաստաբանը չնայած ձիու առավելությանը, չկարողացավ ոչ-ոքի խաղալ եւ երկրորդ անգամ անձնատուր եղավ: