Պատմությունը սիրում է կրկնվել
Մադրիդի «Ռեալը» 10 տարի անց կրկին ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի փլեյ օֆում պայքարից դուրս բերեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:
1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում իսպանական ակումբը «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց դաշտի տերերին: Քանի որ երկու շաբաթ առաջ Մադրիդում կայացած առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք` 1:1, ուստի հաջորդ փուլ մտան «Ռեալի» ֆուտբոլիստները:
Հիշեցնենք, որ 10 տարի առաջ թիմերի մադրիդյան հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ Մանչեսթերում գրանցվել էր 3:2 հաշվով հաղթանակ` հօգուտ «Ռեալի»:
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մյուս խաղում Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» երկու մրցամարտերի արդյունքներով (2:2, 3:0) հաղթեց Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորին», որի հիմնական կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը: